
«ԲարևԹրեյլզ» էկոտուրիզմի զարգացման ծրագրի կամավորների առաջին խումբն ավարտեց իր աշխատանքը
Մայիսի 19-26-ը 35 կամավորներ Հայաստանից ու եվրոպական տարբեր երկրներից (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Շվեյցարիա) մասնակցեցին «ԲարևԹրեյլզ» էկոտուրիզմի զարգացման ծրագրին, որը նախաձեռնել են «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը» (WWF Հայաստան) և Շվեյցարիայի «Վեսսեր» հիմնադրամը: Ծրագրի իրականացմանն աջակցել է «Արահետներ հանուն փոփոխության» հասարակական կազմակերպությունը։
Սա եռամյա ծրագրի առաջին փուլն է, որի շրջանակներում «Պլանավորված Տաթև ազգային պարկ»-ում կատարվել են հետևյալ աշխատանքները՝
– բարեկարգվել է «Տանձատափ»-«Սատանի կամուրջ» արահետը,
– ստեղծվել է 2 կամուրջ, որոնցից մեկը «Տաթևի Մեծ Անապատ» վանք տանող ճանապարհին, որի բացակայությունը նախկինում դժվարություններ էր առաջացնում վանք այցելող զբոսաշրջիկների համար,
– արահետի տարածքում տեղադրվել է բուսական և կենդանական աշխարհը, ինչպես նաև պատմամշակութային վայրերը ներկայացնող տեղեկատվական 17 ցուցանակ,
– արահետի գլխամասերում տեղադրվել է տեղեկատվական 2 կրպակ, որոնք այցելուներին ներկայացնում են արահետի մասին համապարփակ տեղեկատվություն,
– իրականացվել է արահետի ամբողջական գծանշում,
– արահետի դժվարանցանելի մասերում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ՝ հասանելիությունը և անվտանգությունը բարձրացնելու նպատակով,
– մաքրվել են «Սատանի կամուրջ» տանող ճանապարհի պատերի գրառումները:
Բացի կատարված աշխատանքներից կամավորներն այցելել են մի շարք պատմամշակութային վայրեր, բնության հուշարձաններ՝ ծանոթանալով հայկական մշակույթի և բնաշխարհի հետ։ Վերադառնալով իրենց երկրներ կամավորները լծվել են Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործին:
Ծրագրի նպատակն է հարավային Հայաստանի պահպանվող տարածքներում («Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Գնիշիկ պահպանվող լանդշաֆտ», «Պլանավորվող Տաթև ազգային պարկ» և «Զանգեզուր կենսոլորտային համալիր») էկոտուրիզմի ենթակառուցվածքների բարելավումը և ընդհանուր առմամբ Հայաստանի ճանաչելիության բարձրացումը որպես էկոտուրիզմի համար նպաստավոր երկիր: Կամավորների երկրորդ խումբը Հայաստան կժամանի այս տարի աշնանը: