
WWF Հայաստանը, համագործակցելով Wesser հիմնադրամի հետ, իրականացնում է «ԲարևԹրեյլզ» ծրագիրը Տաթև համայնքում
Տաթևը համայնք է Հայաստանի Սյունիքի մարզում։ Այն վերջին շրջանում դարձել է զբոսաշրջության կենտրոն: Տաթև անունն է կրում նաև գյուղին հարակից վանքային համալիրը և պլանավորվող ազգային պարկը: Ահա հենց այս վայրերը Որոտանի հրաշագեղ կիրճի հետ միասին դարձան «ԲարևԹրեյլզ» ծրագրի առաջին փուլի նպատակակետը:
«ԲարևԹրեյլզ»-ի նպատակն է աջակցել կայուն և կրթական էկոտուրիզմի զարգացմանը: Ծրագրի կամավորները բացահայտելու են բնության և մշակութային հուշարձանները, որոնք հաճախ կարծես թաքնված են Հայաստանի տարբեր մարզերում: Կամավորները ստեղծելու են զբոսաշրջային արահետներ՝ պահպանելով ու ներկայացնելով էկոհամակարգն ու կենսաբազմազանությունը։ Ծրագիրը կարևոր է նաև նրանով, որ էկոտուրիզմի զարգացման շնորհիվ կլուծվեն համայնքների մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրներ։
WWF Հայաստանն իրականացնում է «ԲարևԹրեյլզ» ծրագիրը Wesser հիմնադրամի հետ համատեղ։ Wesser-ը ֆոնդահայթայթման հիմնադրամ է, որն իր գործունեության հիսուն տարիների ընթացքում աջակցել է մի շարք եվրոպական բարեգործական կազմակերպությունների:
Տաթևում Wesser-ի կամավորներն աշխատել են հայ կամավորների հետ: Նրանք երթուղի են մշակել՝ կապելով Տանձատափ համայնքը Հայաստանի բնության հրաշալիքներից մեկի՝ «Սատանի կամուրջի» հետ, որը գտնվում է Տաթևի վանքից հինգ հարյուր մետր հեռավորության վրա: Վեց օր օրնիբուն աշխատանքի շնորհիվ տեղադրվել են ցուցանակներ ճանապարհի ողջ երկայնքով՝ ոչ միայն ուղղությունը նշելու համար, այլ նաև տարածքի կենդանական և բուսական աշխարհի ներկայացման: Այդ նշաններից մի քանիսն ունեն QR կոդեր՝ ավելի խորը և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու համար:
Որոտանի կիրճը հարուստ է կենսաբազմազանությամբ. այն մի շարք կենդանատեսակների բնակավայր է՝ շնագայլ, փորսուղ, մացառախոզ, երբեմն նաև գորշ արջ, մոխրագույն գայլ, եվրասիական լուսան, վայրի վարազ և այլն: Բացի այդ, առկա են մի շարք կովկասյան թիթեռներ և միջատներ, ինչպես նաև թռչուններ, ինչպիսիք են օրինակ՝ գիշանգղը, սապսանը, պուտիկավոր և կանաչ փայտփորիկները և այլն:
Կամավորները տարածքը մաքրել են նաև հին գրաֆիտիից, հոսող գետերի վրա կառուցել են կամուրջներ, վերակենդանացրել հին երթուղիները, կատարել նշագրումներ:
Բացի բնության գեղեցկությունից «ԲարևԹրեյլզ»-ի նպատակն է նաև ներկայացնել տեղի հյուրընկալության մշակույթը, ինչը Հայաստանը դարձնում է յուրահատուկ: Կամավորներն իրենց աշխատանքի ընթացքում մնում էին հենց Տաթև գյուղում՝ սեփական փորձով զգալով տեղացիների հյուրընկալությունը: Նրանք համտեսում էին տեղի այգիների բարիքները և գյուղական օրգանիկ սնունդը:
Երկրի տարբեր շրջաններում ծրագրի նման իրականացումը խոստանում է կայուն տուրիզմից զգալի օգուտներ: Եվ դա փաստում է նույնիսկ այն, որ կամավորների աշխատանքի վերջին օրը երթուղուց արդեն իսկ օտարազգի զբոսաշրջիկներ էին օգտվում:
Կամավորների ոգևորվածությունը շատ բարձր էր, նրանք ոգեշնչվում էին շրջակա միջավայրից և թիմի համախմբվածությունից: Այն ամբողջ դրականը, ինչն իրենք ստացել են այդ 6 օրերի ընթացքում, նրանք փորձել են վերադարձնել իրենց իսկ աշխատանքով: Երթուղիները կառուցվել են յուրահատուկ ջերմությամբ, և ասում են, թե յուրաքանչյուր զբոսաշրջիկ, ով այսօր անցնում է այդ երթուղին, միանգամից դա զգում է: