
«Բարև Թրեյլզ» կամավորական նախագծի երկրորդ խումբն ավարտեց իր աշխատանքը «Արփա» պահպանվող լանդշաֆտում
Սեպտեմբերի 21-28-ը Գերմանիայից, Իսպանիայից և Շվեյցարիայից ժամանած կամավորները մասնակցեցին «Բարև թրեյլզ» (BarevTrails) էկոտուրիստական ծրագրի երկրորդ փուլին, որը տեղի ունեցավ «Արփա» (նախկինում «Գնիշիկ») պահպանվող լանդշաֆտում։ Ծրագիրը նախաձեռնել են WWF Հայաստանն ու Շվեյցարիայի «Վեսսեր» հիմնադրամը, իրականացվել է «Արահետներ հանուն փոփոխության» ՀԿ-ի աջակցությամբ։ Ծրագիրն ուղղված է Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացմանը։
Մեկ շաբաթվա ընթացքում կամավորները կատարել են հետևյալ աշխատանքները․
բարեկարգել են «Բեզոարյան այծերի», «Նորավանքի» և «Կաքավների» անունները կրող արահետները,
կառուցել են կամուրջ և բեզոարյան այծերի դիտակետ,
տարածքում տեղադրել են բուսական և կենդանական աշխարհը, ինչպես նաև պատմամշակութային վայրերը ներկայացնող տեղեկատվական 32 ցուցանակ,
արահետների գլխամասերում տեղադրել են տեղեկատվական 4 փայտյա կրպակ, որոնք այցելուներին ներկայացնում են արահետի մասին համապարփակ տեղեկատվություն,
իրականացրել են արահետի ամբողջական գծանշում էկոլոգիապես մաքուր ներկերով՝ միջազգային չափանիշներին համապատասխան,
արահետի դժվարանցանելի մասերում իրականացրել են բարեկարգման աշխատանքներ՝ հասանելիությունը և անվտանգությունը բարձրացնելու նպատակով,
«Արենի համայնքային կենտրոնի» ճեմասրահը նկարազարդել են վայրի բնության որմնապատկերով՝ համայնքի բնակիչների բնապահպանական տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով։
Բացի կատարված աշխատանքներից կամավորներն այցելել են մի շարք պատմամշակութային վայրեր, բնության հուշարձաններ՝ ծանոթանալով հայկական մշակույթի և բնաշխարհի հետ։
Տվյալ ծրագրի նպատակն է հարավային Հայաստանի պահպանվող տարածքներում («Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Արփա» պահպանվող լանդշաֆտ, պլանավորվող «Տաթև» ազգային պարկ և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր) էկոտուրիզմի ենթակառուցվածքների բարելավումը և ընդհանուր առմամբ Հայաստանի ճանաչելիության բարձրացումը որպես էկոտուրիզմի համար նպաստավոր երկիր: