Գնդեվանքի արահետ

Արահետն անցնում է Արփա գետի կիրճով՝ միացնելով Գնդեվազ գյուղը ջրամբարին։ Արահետի որոշ հատվածներ օգտագործվել են դեռևս հին ժամանակներում մարդկանց և կենդանիների տեղաշարժի համար։ Արփա գետի կիրճը հարուստ է կենդանական և բուսական աշխարհով, ինչպես նաև դեպի բարձրաբերձ ժայռեր բացվող գեղեցիկ տեսարաններով։ Արահետի ձախ մասով ձգվում են «Հերհերի նոսրանտառային» և «Ջերմուկի անտառային» պետական արգելավայրերը։

  • Երկարություն՝  8.4 կմ / 5.2 մղոն
  • Միջին տևողություն՝ 2.5-3.5 ժամ
  • Վերելք՝ 458մ / 1505 ոտնաչափ
  • Վայրէջք՝ 599մ / 1967 ոտնաչափ
  • Առավելագույն բարձրություն՝ 1925մ / 6314 ոտնաչափ
  • Նվազագույն բարձրություն՝ 1512մ / 4961 ոտնաչափ
  • Բարդություն՝ միջին
  • Քայլարշավի լավագույն ժամանակահատվածը` Ապրիլ-նոյեմբեր

Ընդհանուր տեղեկատվություն

Արփա գետը սկիզբ է առնում Սյունիքի և Արցածի բարձրավանդակներից։ Երկարությունը 128կմ է, որի 92կմ-ը՝ ՀՀ տարածքում։ Առավել խոշոր վտակներն են Եղեգիսը, Դարբը, Հերհերը, Գնիշիկը, Ելփինը։ Ագարակաձոր գյուղի մոտ՝ Արփայի վրա, կանգուն է XIIIդ․ միակամար կամուրջը։ Արփայի ափին են Ջերմուկ առողջավայրը, Մոզ քաղաքի ավերակները, բազմաթիվ քարանձավներ։ Գետի ջրերի մի մասը Սևանա լիճ փոխադրելու նպատակով կառուցվվել է 48,3կմ երկարություն ունեցող Արփա-Սևան ջրատար թունելը և Կեչուտի ջրամբարը, որով կարգավորվում է գետի ռեժիմը։

Արփայի կիրճում է գտնվում նաև Գնդեվանքը՝ միջնադարյան վանական համալիր, որը կառուցվել է 931-938 թվականներին։ Այն հիմնադրվել է որպես ձորի ճգնավորների մենաստան։ Առաջնորդ էր նշանակվել Սարգիս քահանան, իսկ շինարարության ղեկավարն էր նկարիչ Եղիշե Երեցը։ Վանքը ճգնավոր Սուփան Գնդունու անունով կոչվել է Գնդեվանք։ Կա նաև մեկ այլ տարբերակ, ըստ որի իշխանուհին վաճառել է իր ականջի գինդերը, որպեսզի կարողանան վերջացնել եկեղեցու շինարարական աշխատանքները, և այդ գինդերի համար վանքը կոչվել է Գնդեվանք։ Գնդեվանքի բակում կան 10-16-րդ դարերի խաչքարեր և տապանաքարեր։